Վրաստանում ժողովրդավարության մարտահրավերների հարցը ԵԽԽՎ-ն կքննարկի հունիսի 27-ին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում մի շարք հրատապ հարցեր էին ներկայացված՝ Վրաստանում ժողովրդավարության մարտահրավերի, խոսքի ազատության, Գազայում պատերազմի մասին։ Մինչ չորսից երեք հարցերի դեպքում առարկություններ չեղան և դրանք ընդգրկվեցին վեհաժողովի նստաշրջանի օրակարգում, Վրաստանի վերաբերյալ հարցի առնչությամբ հենց վրացական պատվիրակությունը հարցն օրակարգային դարձնելուն դեմ էր։
Հիշեցնենք, որ խոսքը Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքին է վերաբերում, որ վերջերս ընդունվեց Վրաստանի խորհրդարանում՝ չնայած փողոցներում բողոքող ժողովրդի դժգոհությանն ու եվրոպական ու ամերիկյան հարթակներից հնչող խիստ բացասական գնահատակններին, որոնցում հնչում են նաև այդ օրենքի բացասական ազդեցությանը Վրաստանի առաջընթացի վրա դեպի Եվրոպական միություն, ավելին, ԵՄ դռները կարող են փակվել Վրաստանի համար։
ԵԽԽՎ-ում վրաստանյան պատվիրակության ղեկավար Գիվի Միկանաձեն Վրաստանի վերաբերյալ հարցը օրակարգ մտցնելու վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց, թե այս հոկտեմբերին Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ նման քննարկումը կարող է ազդել հենց այդ ընտրությունների վրա, ինչը թույլատրելի և ընդունելի չէ։ Վրաց պատվիրակն առաջարկեց հարցն այս նստաշրջանում չքննարկել։
Սրան ի պատասխան հնչեցին կարծիքներ, որ Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը երկիրը տանում է վատագույն սցենարով, ուստի քննարկումը հույժ կարևոր և արդիական է՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են Վրաստանում ընտրությունները։