Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը

Հայաստանում գործող իշխանական ռեժիմը շարունակում է անբարո և հակաիրավական մեթոդներով
լայնածավալ հարձակումը Հայ Յեղափոխական Դաշնակցության նկատմամբ:
Օրեր առաջ խուլիգանաբար ոստիկանական բերետները հարձակվել էին կուսակցության Երևանի
կենտրոնական գրասենյակի վրա՝ փորձելով ներխուժել գրասենյակի տարածք և դիմադրության հանդիպելով,
խոշտանգել էին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նախագահին, ապօրինի բերման ենթարկել
կուսակցության բազմաթիվ անդամների:
Ամեն գնով իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ծրագրի շրջանակներում,
իշխանության վերահսկողության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների և իրավապահ մարմինների
ներգրավմամբ, փորձ է արվում կազմակերպել հերթական բեմադրությունը, իբրև թե կուսակցության
ղեկավար մարմնի անդամները նյութապես շահագրգռում են համաժողովրդական ընդվզմանը մասնակցելու
համար:
Ամբողջությամբ կեղծ և զազրելի այս մեղադրանքը ոչ միայն սին է ու դատարկ, այլև վկայում է այն
հղացող անձանց արժեքային համակարգի մասին:
Ակնհայտ ապօրինի մեղադրանքներով, այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել
կուսակցության Վայոց Ձորի մարզային գրասենյակներում, բերման են ենթարկվել և ձերբակալվել
մարզային կառույցի ղեկավար անդամներ: Սա նախորդ տարիներին կուսակցության Արմավիրի և Արարատի
մարզային կառույցների նկատմամբ իրականացված նույն անպտուղ արարքների շարունակություն է:
134 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և
դավաճանների է դիմագրավել, չի ընկրկել, հաղթահարել է բոլոր դժվարությունները: Վստահ սա էլ
կհաղթահարենք:
Զուշացնում ենք Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անող իշխանությանը և
նրա բոլոր կամակատարներին, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվությունն անխուսափելի է:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՄ