Գորիս համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Գորիսի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյի հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև Գորիսի զարգացման գործում համագործակցության հեռանկարները: Ըստ աղբյուրի՝ դեսպանը կարևորել է Ֆրանսիայի հետ գործակցության խորացումը և հույս հայտնել, որ համատեղ նոր նախագծեր կիրականացվեն:
Նշվում է, որ համայնքի ղեկավարը դեսպանի հետ միասին շրջել է Վիենի պուրակում, որտեղ ընթանում են վերակառուցման լայնածավալ աշխատանքներ։ Պուրակում իրականացվում են ենթակառուցվածքների արդիականացման և բարեկարգման աշխատանքներ։ Նախատեսվում է թարմացնել զբոսայգու ճեմուղիները, կանաչապատ գոտիները, նստարանները, լուսավորության համակարգը։ Վերակառուցումից հետո պուրակը կդառնա քաղաքացիների սիրելի հանգստավայրը՝ նոր հնարավորություններ ընձեռելով հաճելի ժամանակ անցկացնելու համար։ Գորիսի համայնքապետարանի տեղեկացմամբ՝ դեսպանի այցի շրջանակներում հունիսի 21-ի երեկոյան տեղի կունենա համերգ Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ: