Պետությունները, որ չունեն դեր ու առաքելություն, չեն ունենա նաև տեղ․ Արթուր Աթանեսյան
«Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանին։
- Նիկոլ Փաշինյանը հայ հասարակությանն ապրելակերպի նոր կոնցեպտ է առաջարկում, ասում է՝ դադարեք պայքարել, թոթափեք ձեր վզից կախված խաչն ու ապրեք ազատ: Ասում է՝ հասարակության ցանկությունը լավ ապրելն է, ոչ թե պայքարելը։
- Փաշինյանի հանրային խոսքի մեթոդաբանության իմաստն է հակադրումը, ընդ որում՝ արհեստական հակադրումը, որը մասամբ հենված է հանրային-կարծրատիպային ընկալումների վրա։ Օրինակ, նա հակադրում է Մասիս եւ Արագած սարերի պաշտամունքը, մինչդեռ մեկը մյուսին չի հակասում, եւ երկուսն էլ առկա են։ Նույնկերպ նա հակադրում է իշխանական ուժերին եւ ընդդիմությանը՝ ի սկզբանե որպես սեւերի եւ սպիտակների, մինչդեռ ցանկացած քաղաքական համակարգում ընդդիմությունը եւ իշխանական ուժերն այդ միասնական համակարգի մասն են, նրանք միմյանց չեն բացառում եւ, հակառակը՝ մշտական մրցակցության մեջ են։ Այդ մոտեցմամբ նա միմյանց հակադրում է հայկական աշխարհի ավանդական մոտեցումները՝ մեր պատմության, անցյալի եւ ներկայի առումով, եւ դա անում է՝ վատաբանելով մեր անցյալը։ Մասնավորապես, խաչը յուրաքանչյուր մարդու կյանքի մի մասն է։ Յուրաքանչյուր մարդ ունի իր նպատակներն ու խնդիրները եւ դրանք տանում է իր ուսերին, ու դա նորմալ է։ Երբ դու ասում ես՝ այդ խաչը բեռ է, դու ասում ես միայն մի մասը, մինչդեռ, իրականում, այդ խաչը նաեւ հնարավորություն է ուժեղանալու։ Պատկերացնենք, որ յուրաքանչյուր մարդ դիտարկի որպես անիմաստ բեռ, օրինակ, ուսումը, աշխատանքային պարտականությունները, ընտանիքը, ուզենա դա թոթափել, գցել իր ուսերից, այսինքն՝ ոչինչ չանել, որեւէ կարգավիճակ, պարտավորվածություն եւ կապ չունենալ հասարակության մեջ։ Այդպիսի մարդիկ չեն ապրելու, աշխարհում նմանատիպ հասարակություններն ու պետությունները, որոնք չունեն դեր, առաքելություն, տեղ չեն ունենալու։ Եթե դա է առաջարկում, դա աբսուրդ է։ Խաչ տանելը խոր իմաստ ունի, նույնկերպ կարելի է ասել, որ երեխա ունենալն է բեռ, պետություն կառուցելը․․․ Ինչ վերաբերում է հանրային ցանկություններին հղում անելուն, դա եւս մանիպուլյատիվ տեխնոլոգիա է։ Իսկ իշխանությունը հարցրե՞լ է մեր հասարակությանը՝ ուզո՞ւմ է քրիստոնյա լինել, թե՞ ոչ։ Այս իմաստով խաչը կրելը, գիտակցաբար թե ենթագիտակցաբար, ենթադրվում է, որ քրիստոնեության մասին է։ Փաշինյանը հարցրե՞լ է՝ մենք ուզո՞ւմ ենք կրել քրիստոնյայի խաչը, թե՞ ոչ։ Ես կասեի, որ մարդիկ ոչ միայն ուզում են, այլեւ հպարտ են դրանով։ Մեր վզից կախված խաչիկները, մեր խաչքարերը մեր ինքնության, ես-ի մի մասն են, այստեղ հասարակության ցանկությունը բացահայտ հակառակ է ներկայացվում։ Մեր ազգը երբեք չի վախեցել դժվարություններից, երբեք չի փոխարինել թեթեւ ապրելը դժվարություններին։ Սա եւս հակադրություն է, որովհետեւ ոչ մի հակադրություն չկա նրանում, որ մենք ե՛ւ ձգտում ենք Ցեղասպանության ճանաչմանը, ե՛ւ ձգտում ենք Արցախը վերադարձնելուն, ե՛ւ ձգտում ենք մեր պետության պաշտպանությանը, բայց, միեւնույն ժամանակ, կարող ենք թեթեւ ապրելու ցանկություն ունենալ՝ այն իմաստով, որ օրվա ընթացքում ունենք ժամանց, զվարճություններին հատկացված ժամանակ, եւ մեկը մյուսին չի խանգարում։ Ամերիկացիներն ունեն «ուրբաթ երեկո»-ն, շատ լավ հանգստանում են, բայցեւ ունեն առաքելություն` իրենց պետության շահերից են բխեցնում իրենց կյանքն ու գործունեությունը։ Ե՛վ-ե՛ւ, ոչ թե՝ կա՛մ-կա՛մ։ Եթե իշխանությունները դա չեն հասկանում, թող հարցնեն սոցիոլոգներին, մենք կբացատրենք, եթե հասկանում են եւ միտումնավոր են անում, ապա լավ կլիներ, որ մեզ մանիպուլացնելու տեխնոլոգիաներով զբաղվեին մեր թշնամիները, ոչ թե՝ իշխանությունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Հրապարակում։