ԵԽԽՎ-ում Հայաստանի հանձնառությունների և պարտավորությունների կատարմամբ հիմնականում գոհ են, մի թեթև՝ մտահոգ
Այսօր՝ հունիսի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր օրակարգի ամենավերջին հարցով կանդրադառնա Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարմանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների Մոնիտորինգի կոմիտեի հաշվետվություն։ Այն կներկայացնեն համազեկուցողներ Կիմմո Կիլյունեն ֆինլանդիայից և Բորիանա Աբերգը՝ Շվեդիայից։
Այս զեկույցում մոնիտորինգի հանձնաժողովը գնահատում է Հայաստանի ջանքերը «բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման համար՝ չնայած Հայաստանի կայունությանը մարտահրավեր նետած բարդ միջազգային միջավայրին։ Նշենք, որ զեկույցն իր համատեքստը ներկայացնելու հատվածում ժամանակագրական առումով հասնում է մինչև 2024թ․-ի մարտի սկիզբ, այսինքն՝ վերջին չորս ամսվա զարգացումներն ու իրադարձությունները զեկույցում արտահայտված չեն։
Մոնիտորինգի կոմիտեն նաև «ողջունում է ընտրական օրենսդրության բարեփոխումները և երեք անընդմեջ ընտրությունների անցկացումը առանց լուրջ խախտումների և գտնում, որ իրապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նպատակը մեծապես իրականացվել է»։ Միևնույն ժամանակ, ափսոսանք է հայտնվում, որ այդ բարեփոխումները չեն օգնել նվազեցնելու քաղաքական բևեռացումը, ուստի կոչ է արվում մեծամասնությանը և ընդդիմադիր կուսակցություններին փնտրել միջկուսակցական կոնսենսուսի ուղիներ:
«Կոմիտեն ողջունում է դատական համակարգի անկախության բարելավման և համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի շարունակական ջանքերը և խրախուսում Հայաստանին շարունակել ջանքերը՝ օրենսդրությունը, ինստիտուտները և պրակտիկան հետագայում համապատասխանեցնելու եվրոպական չափանիշներին մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողորդավարության ոլորտներում: Կոմիտեն կշարունակի մոնիտորինգի ընթացակարգը՝ հատկապես կարևորելով արդարադատության համակարգի, ԶԼՄ-ների և խոսքի ազատության ոլորտներում բարեփոխումների իրականացումը»։
Ողջունելով Հայաստանի իշխանությունների կողմից կատարված մի շարք քայլերը, միջազգային փաստաթղթերին միացումն ու ընտրական գործընթացներում առաջընթացը, ինչպես նաև հիշատակելով մի շարք բանաձևեր, որոնք ընդունվել են վերջին երեք տարում, այդ թվում այդպես էլ պատշաճ արձագանքի չարժանացած, բայց Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի մասին, «անհապաղ միջոցներ ձեռնարկելու և Լաչինի միջանցքի ապօրինի և անօրինական խոչընդոտումը դադարեցնելու» կոչ պարունակողները, բանաձևի նախագծով հատուկ ուշադրություն է հրավիրվում հանրային ռեսուրսների չարաշահման և կուսակցությունների ֆինանսավորման հարցերի կարգավորման ընտրական համատեքստում։
«Վեհաժողովը ցավում է, որ ընտրական բարեփոխումները չեն հանգեցրել իշխող մեծամասնության և ընդդիմության ավելի լավ համագործակցության և փոխադարձ հարգանքի: Ընտրական բոլոր դիտորդական առաքելությունները զեկուցել են բոլոր կողմերից քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացվածության և խարանման մասին»։ Այս համատեքստում առաջարկվում է տարբեր կարևոր դերակատարությամբ նշանակումներում հնարավորինս ապաքաղաքական մոտեցում ցուցաբերել, հատկապես հանրային կառույցներում՝ հաղթահարելու խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության փոխհարաբերության խնդիրները։ Ուստի բանաձևի նախագծով վեհաժողովն առաջարկում է վերջին երկուսին գնալ երկխոսության, ընդդիմությանը՝ խուսափել խորհրդարանի աշխատանքի բոյկոտումից, մեծամասնությանը՝ չչարաշահել իր մեծամասնություն լինելու հանգամանքը, և այլն։
Դատական համակարգի և արդարադատության առումով բանաձևի նախագիծը խրախուսում է հետամուտ լինել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումներին, ապահովել Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը։
Բանաձևի միայն երկու կետերում լրացումներ անելու առաջարկներ էին արվել հիմնականում հայաստանյան պատվիրակների առաջարկով։ 3-րդ կետում առաջարկվում էր ավելացնել «կոչ անել Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի կալանավորված ներկայացուցիչներին և բոլոր հայ ռազմագերիներին, որոնք պահվում են Ադրբեջանում»։ Առաջարկվող մյուս լրացումը վերաբերում էր 5-րդ կետին՝ առաջարկելով լրացնել կետը հետևյալով․ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների նորմալացման առնչությամբ Վեհաժողովն իր աջակցությունն է հայտնում խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անխախտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա»։ Սրան առաջարկվում էր նաև ավելացնել «վեհաժողովի ողջույնը» սկսված դելիմիտացիայի գործընթացը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաարգելափակումը ազգային իրավական օրենսդրության հիմքով, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։
Առաջարկներն ընդունվեցին։