ԱրցախՄիջազգայինՔաղաքական

ԵԽԽՎ նախագահ․ «Դեմ եմ բռնությանը․ ցուցարարներին բռնությամբ պատասխանելը օգտակար չէ որևէ կառավարության համար»

Հունիսի 28-ին Ստրաստբուրգում ԵՎրոպայի խորհրդի խորհրդարանակն վեհաժողովի աշխատանքը լուսաբանող լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։

ԵԽԽՎ-ում հունվարից հեռացված Ադրբեջանի պատվիրակության վերադարձի հարցի առնչությամբ Ռուսոպուլոսը հիշեցրեց, որ պատվիրակության լիազորությունները չէին հաստատվել երկու նախապայման չբավարարելու պատճառով․ Ադրբեջանը թույլ չէր տվել ԵԽԽՎ զեկուցողներին այցելելու երկիր, ունենալու դիտորդական առաքելություն ընտրություններում, տեսակցելու բանտարկյալներին։

«Ես հանրայնորեն միշտ նշել եմ, որ Ադրբեջանը պետք է ապացուցի, որ հարգում է այն բոլոր սկզբունքները, որ նշված են մարդու իրավունքների հռչակագրում, որին միացել է, երբ անդամակցում էր Եվրոխայի խորհրդին», նշեց ԵԽԽՎ նախագահը, ավելացնելով, որ այսօր Ադրբեջանը չի հարգում այդ սկզբունքները, հայտարարում է, բայց իրականում քայլեր չի անում։

Հարցին, թե ինչ արձագանք կարող է լինել և ինչու ցայսօր չի եղել Երևանում մայիսից մեկնարկած բողոքի ակցիաների և հունիսի 12-ին ոստիկանության կողմից բռնության կիրառման առնչությամբ, Ռուսոպուլոսը նշեց, որ վեհաժողովում որպես նախագահ ինքը հարցեր չի բարձրացնում, սակայն զուտ անձնական առումով, ինչպես միշտ, դեմ է բողոքի ակցիաների մասնակիցների, և հատկապես լրագրողների նկատմամբ բռնության կիրառմանը ինչպես իր երկրում՝ Հունաստանում, այնպես էլ Հայաստանում։

«Ես դեմ եմ բռնությանը։ Անձնապես վստահ եմ, որ երբեք օգտակար չէ, եթե որևէ կառավարություն, որևէ իշխանություն պատասխանում է ցուցարարներին բռնություն կիրառելով։ Ավելին, նաև լրագրողների նկատմամբ, այսինքն դա նշանակում է, որ բռնություն կիրառողները նաև որոշել են խոչընդոտել տեղի ունեցող իրադարձությունների հեռարձակումը։ Սա իմ կարծիքն է, որը երբեք չի փոխվի», ընդգծեց Ռուսոպուլոսը որպես իր անձնական կարծիք։

Նախագահը նաև անդրադարձավ Եվրոպայում  ծայրահեղ աջերի՝ վերջին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հարցին։ Նա նշեց, որ մտահոգ է տեղի ունեցող իրավիճակով, քանի որ դա նաև պոպուլիզմի, ռադիկալիզմի և էքս աճի մասին է խոսում։

Ստրասբուրգ, Ֆրանսիա