ԵԽԽՎ-ին «ադրբեջանատյացության», «իսլամատյացության» մեջ մեղադրող Ադրբեջանը պատվիրակությունը վեհաժողով վերադարձնելու փորձեր է անում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այս տարեսկզբին՝ վեհաժողովի ձմեռային նստաշրջանում որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ առնվազն մինչև 2025թ․ հունվարյան նստաշրջան, երբ նորից տեղի կունենա երկրների պատվիրակությունների լիազորությունների հաստատման գործընթացը։
Մինչև ԵԽԽՎ հունիսյան նստաշրջան, որ այս օրերին ընթանում է Ստրասբուրգում, բանակցություններ են ընթանում վերադարձնելու Ադրբեջանի պատվիրակներին վեհաժողով, սակայն, ինչպես դեռևս ապրիլին նշել էր Ադրբեջանի հարցով համազեկուցող նորվեգացի պատվիրակ Լիզ Քրիստոֆերսենը, Ադրբեջանի իշխանություններից շարունակում են ակնկալել ինչպես զիջումներ մոտեցումներում, այնպես էլ կոնկերտ պահանջների բավարարում։
Ամենից առաջ, վեհաժողովը պահանջում է, որպեսզի ԵԽԽՎ զեկուցողների աշխատանքը որևէ խոչընդոտ չունենա Ադրբեան այցելությունների ընթացքում, այդ թվում՝ բանտեր այցելության և քաղբանտարկյալների վերաբերյալ տեղեկությունների ու տեսակցության համար։ Նշենք, որ 2023.-ին առնվազն երկու անգամ ԵԽԽՎ համազեկուցողներին խոստացել, բայց այդպես էլ քաղբանտարկյալներին տեսնել չեն թույլատրել Բաքվում։ Ադրբեջանի պատվիրակությանը վեհաժողովի աշխատանքներին անմասնակից թողնելու որոշման հիմքում էր նաև փաստահավաք առաքելությամբ 2023թ․-ին Լաչինի միջանցքի հարցով փաստահավաք առաքելությամբ Ադրբեջան մեկնած ԵԽԽՎ համազեկուցողին Լաչինի միջանցք այցելությունը չթույլատրելու մոտեցումը։
ԵԽԽՎ պահանջների ու ակնկալվող զիջումների մյուս կարևոր հատվածը վերաբերում է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներին։ Դեռ հունվարին Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարեց, թե չի համագործակցելու վեհաժողովի հետ և դադարեցնում է մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին։
Կան հստակ ուժեր, որոնք ինտենսիվորեն աշխատում են Ադրբեջանի պատվիրակությանը վեհաժողով վերադարձնելու ուղղությամբ։ Մասնավորապես, հունգարական պատվիրակությունը այդ ուղղությամբ քննարկումներ են իրականացնում և կողմ են Ադրբեջանի պատվիրակության վերադարձին՝ անկախ ներկայացված պահանջների կատարումից։
Բացի համախոհների ձայների օգտագործումը վեհաժողովում, Ադրբեջանի պատվիրակության վերադարձի այլ սցենար էլ կա, որ ներքաղաքական զարգացումների միջոցով կարող է հնարավոր դառնալ։ Խոսքն Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է` 2024թ․նոյեմբերի հերթականի փոխարեն, որոնց արտահերթության պատճառաբանությունը կապվում է Բաքվում այս տարվա նոյեմբերին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի՝ COP29-ի անցկացման հետ։ Ադրբեջանի խորհրդարանը, ի դեմս իշխող կուսակցության, օրերս դիմել էր երկրի նախագահին՝ արտահերթ ընտրությունների անցկացնելու կոչով, որպեսզի COP29-ի աշխատանքների հետ զուգահեռ չլինեն ընտրություններ։
Նման զարգացման դեպքում Ադրբեջանը կունենա նոր խորհրդարան, որի պատվիրակությունն էլ վեհաժողովում ինքնաբերաբար նորից պետք է անցնի լիազորությունների հաստատման գործընթացով՝ չսպասելով մինչև հաջորդ հունվար։
Ստրասբուրգ, Ֆրանսիա