ԵԽԽՎ զեկույցը հիշատակում է հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքները
Մշակույթի, գիտության, կրթության և մեդիայի կոմիտեի «Պատերազմի և խաղաղության ժամանակ մշակութային ինքնության ջնջման դեմ պայքարը» զեկույցում, որի հեղինակըԵվհենիա Կրավչուկն է ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակությունից, թեև ընդհանուր անդրադարձը և շեշտադրումը վերաբերում է Ուկրաինային և ուկրաինական մշակութային ժառանգությանը, սակայն փոքր հղում կա նաև իրավիճակին Հարավային Կովկասում։
Զեկույցի ներածության մեջ նշվում է, որ զեկույցում քննվել է նաև մշակութային ինքնության ջնջման վերաբերյալ մտահոգությունը նաև հղում անելով Արևմտյան Բալկաններում, Բելառուսում և Հարավային Կովկասում իրավիճակին։
Զեկույցում առանձին գլուխ է նվիրված Հարավային Կովկասում իրավիճակին՝ գալով խորհրդային տարիներին տեղի ունեցած մշակութային ինքնության դեմ քայլերից։ Թեև ուկրաինացի զեկուցողը նախկին խորհրդային երկրների անկախացումից հետո ծագած հակամարտությունները «էթնո-տարածքային» է բնորոշում, փաստաթղթում նշվում է, որ այդ պայմաններում, ի լրումն ֆիզիկական ճարտարապետական ժառանգության ոչնչացման սպառնալիքների, նաև միտում կար ճնշելու, ոչնչացնելու «մյուս կողմի մշակույթը պատմության դասագրքերում պատմական փաստերի կանխամտածված բացթողման և հակամարտությունում «մյուս կողմի» կողմից գրված գրականության և երաժշտության ջնջման միջոցով»:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում մշակույթը մնում է վիճաբանության և կռվի ոլորտ։ Հայկական կողմից վնաս է հասցվել րևանում մնացած մի քանի մզկիթներին։ Սակայն Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացումը շատ ավելի մեծ մասշտաբով էր։ Նախիջևանի ադրբեջանական հանրապետությունը պատմականորեն ունեցել է մեծ թվով հայ բնակչություն՝ ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը։ Վերջին 30 տարում ոչնչացվել է նրա հայկական մշակութային գրեթե ողջ ժառանգությունը։ Մասնավորապես Ջուղա քաղաքի մոտ գտնվող միջնադարյան հայկական գերեզմանոցը հազարավոր խաչքարերով, որոնք ավերվել են 2000-ականների սկզբին։ Օտարերկրյա այցելուներին արգելվել է մուտք գործել», մանրամասնում է զեկույցը:
Ըստ փաստաթղթի, 2023 թվականի սեպտեմբերից, երբ «ադրբեջանական ուժերը վերահսկողություն են հաստատել Ղարաբաղի տարածաշրջանի վրա, գրեթե ողջ հայ բնակչությունը գաղթել է։ Տարածաշրջանը ամենահարուստ հայկական ժառանգության տարածք է, այնպիսի ժառանգության, ինչպիսիք են հայտնի միջնադարյան հայկական Գանձասարի և Ամարասի եկեղեցիները»:
Մինչդեռ, զեկույցի շարադրմամբ, «Ադրբեջանում դեռևս գերիշխում է խորհրդային տարիներին տարածված տեսակետը, որ Ղարաբաղի հուշարձաններն իրականում ոչ թե հայկական են, այլ «կովկասյան ալբաներեն», հետևաբար հայալեզու մակագրությունները չեն համարվում իսկական և կարող են ջնջվել։ Սա լուրջ վտանգ է տարածաշրջանում հայկական հուշարձանների համար, հատկապես, որ մերժվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության փորձագետների միջազգային ներկայությունը և այցելությունները»:
ԵԽԽՎ զեկույցը հիշատակում է Caucasus Heritage Watch-ի փորձերը վերահսկելու իրավիճակը արբանյակային լուսանկարչությամբ, որի միջոցով արձանագրվել են մի քանի հուշարձաններին պատճառված վնասներ։ «2022 թվականի մարտին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ և խստորեն դատապարտեց Ադրբեջանի գործողությունները, քանի որ վերջինս խախտել է միջազգային իրավունքը և մասնակցել հայկական մշակութային ժառանգության ժխտմանը», հիշատակվում է զեկույցում։
Հատկանշական է, որ զեկույցի՝ Հարավային Կովկասին առնչվող հատվածում, ի շարս տարբեր կառույցների ընդունած փաստաթղթերի, օգտագործվել են նաև 2024թ․ մարտի 21-ին հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ Քարնեգի Եվրոպա վերլուծաբան Թոմ դե Վալի տրամադրած տեղեկությունները։
Հունիսի 26-ի քննարկման ներկայացվող զեկույցի հանձնարարականների ու բանաձևի նախագծերը նշում չունեն Հարավային Կովկասում մշակութային հանցագործությունների մասին, սակայն զեկույցում հայկական մշակութային ինքնության նկատմամբ ոտնձգությունները հետագայում կարող են բանաձև դառնալ, ներկայիս զեկույցի բանաձևի տրամաբանությամբ, կոչ անելով ուժեղացնել միջազգային համագործակցությունը այդ հարցում։