«Առանց ամաչելու վայելելու» կոնցեպտի հետքերով․ վերլուծաբան Հակոբ Բադալյանի գրառումը
«Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք հա՞, ոչ զոհվել են, որ ապրեն, որ կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանան: Այս փոփոխությունն է հիմա տեղի ունենում Հայաստանում», Սյունիքում ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանն ասում է Նիկոլ Փաշինյանը: Ավելորդ է ասել անգամ, որ այն, ինչ նա ասում է, չափազանց վտանգավոր է հենց հայկական պետականության համար, թեեւ ասում է իր կարծիքով՝ իբրեւ թե հանուն հայկական պետականության: Նիկոլ Փաշինյանը հակադրում է մարդկային բարեկեցությունն եւ երկրի տնտեսական հաջողությունը պետական ու ազգային ինքության կարեւորագույն բաղադրիչի՝ քրիստոնեական ժառանգության հետ:
Նա հակադրում, եւ հանուն տնտեսական բարեկեցության եւ մարդկային վայելքների «ջնջում» է մի բան, որն օրինակ հենց նույն հարեւան Ադրբեջանը փորձում է ստեղծել՝ ծախսելով միլիարդներ: Այո, Ադրբեջանն իր համար փորձում է ստեղծել «մշակութային, դավանական ժառանգություն», լավ հասկանալով, թե ինչ է դա նշանակում աշխարհում մշտապես, եւ աշխարհաքաղաքական ճամփաբաժաններում՝ մասնավորապես:
Որեւէ մեկը չի կարող հերքել պարզ ճշմարտությունը, որ պետության կենսունակությունը պահանջում է տնտեսական զարգացում եւ մարդկային բարեկեցություն: Բայց, ինչո՞վ է տարբերվելու այդ ամենն «անասնական վայելքից»: Տարբերվելու է ինքնագիտակցության, ինքնության բաղադրիչով: Իհարկե, իրական, ոչ թե կեղծ, փաթեթային:
Բայց, եթե անգամ որեւէ մեկը մտածում է, որ այդ արժեքային բաղադրիչը Հայաստանում եղել է կեղծ, եղել է ընդամենը քող, ապա դա բոլորովին չի նշանակում, որ պետք է «ջնջել» այդ բաղադրիչն ինքնին եւ այն հակադրել մարդկային բարեկեցությանը: Հակառակը, պետք է մարդկային բարեկեցությունն ու մշակութային, դավանա-քաղաքական ինքնությունը դարձնել ներդաշնակ, որպեսզի այդ մարդկային օարզ բարեկեցությունը չվերածվի «անասնական վայելքի», չվերածվի բնազդների խրախճանքի, երբ յուրաքանչյուրը կվազի այդ խրախճանքի հետեւից՝ կոխ տալով կողքինին, դիմացինին, միայն թե առաջինը հասնել վայելքին, չէ՞ որ վայելելն ամոթ չէ:
Այո, անխոս է, որ Հայաստանի համար կյանքը զոհաբերածները չեն գնացել այդ քայլին, ակնկալելով, որ իրենցից հետո ողջերն էլ դառնան «մեռածներ»: Իհարկե նրանք կյանքը զոհաբերել են կյանքի համար: Բայց, հենց այդտեղ է հարցը, թե ո՞ր կյանքի համար՝ «անասնական» ու «անամոթ» վայելքի՞, թե՞ արժեհամակարգային ներդաշշնակության մեջ գտնվող բարեկեցության: Ներդաշնակություն, որի արտահայտիչներից մեկն էլ Խաչքարն է:
Ավելի ընդգրկուն առումով, Նիկոլ Փաշինյանն ըստ էության արտահայտում է ուլտրալիբերալիզմի եւ արժեհամակարգապաշտության, ավանդապահպանողականության պայքարը: Սա իրականում բացարձակապես կապ չունի ազատության համար պայքարի հետ:
Հակառակը, այսօր ամենամեծ անազատությունը հենց «վայելքի» փիլիսոփայության վրա դրված սպառողական հասարակության կառուցվածքն է: Այսօր ամենամեծ անազատությունը հենց «առանց ամաչելու վայելելու» կոնցեպտի ներդրումն ու դրանից ավելի ու ավելի մեծ զանգվածների կախվածության ապահովումն է, «Մի մտածիր՝ վայելիր» փիլիսոփայությամբ: