ՀարցազրույցՔաղաքական

Սպառվող նավթային ռեսուրսների պայմաններում՝ նոր պատերազմի ադրբեջանական հեռանկարը․ Վահրամ Ռևազյան

Տնտեսագետ, տվյալների վերլուծաբան Վահրամ Ռևազյանն իր սոցիալական լինդինյան հարթակում ներկայացրել է Ադրբեջանի հեռանկարները սպառվող նավթային ռեսուրսների պայմաններում։ Ներկայացնում ենք տնտեսագետի գրառումն ու աշխատության հղումը։

«44-օրյա պատերազմի օրերին ես էլ բոլորի պես փորձում էր մասնակցել war effort-ին և Ադրբեջանի տնտեսությունն էի ուսումնասիրում։ Պատերազմի ավարտին կուտակած այդ գիտելիքը բավարար էր երկու կարևոր բան հասկանալու համար.

  • Պատերազմում կրած ծանր պարտությունը մեր կորուստների դեռ վերջը չէ, և Ադրբեջանը միայն Արցախով չի սահմանափակվելու, քանի որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը պայմանավորված է ոչ այնքան և ոչ միայն հայկական կողմի գործողություններով, որքան Ադրբեջանի տնտեսական խնդիրներով։
  • Չնայած պատերազմի հետևանքով Հայաստանի դիրքերը էականորեն թուլացել են, իսկ Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունը, մենք դեռ շանսեր ունենք չպարտվելու և մեր կորցրած դիրքերը հետագայում վերականգնելու։

Նշված երկու պնդումների պատճառն էլ Ադրբեջանի տնտեսությունն է, որը կառուցված է մեկ նավթահանքի շուրջ։ Այդ հանքի ռեսուրսները սպառման եզրին են, ինչը մոտակա տարիներին Ադրբեջանը մտցնելու է սոցիալ-տնտեսական ցնցումների փուլ, որը մի կողմից Հայաստանի համար գոյաբանական վտանգ է ստեղծելու, քանի որ Ալիևը և իր վարչախումբը ամեն ինչ անելու են, որ մինչև այդ Հայաստանը ջախջախած լինեն, մյուս կողմից՝ Հայաստանի համար տարածաշրջանում իր կորցրած դիրքերը վերականգնելու կառուցվածքային հնարավորություն է բացելու։

Թեպետ պատերազմից հետո շատերիս ակնհայտ էր, որ պետությունը ճիշտ ուղղությամբ չի շարժվում, շարունակեցի զբաղվել Ադրբեջանի տնտեսությամբ՝ հույսով, որ այս աշխատանքը հետագայում կարող է օգնել Հայաստանին մեջքը ուղղել, և վերջին 3.5 տարում փորձեցի Ադրբեջանի տնտեսության մասին համակարգված գիտելիք ստեղծել։

Գրքի բովանդակությունը կառուցված է հետևյալ թեզերի շուրջ՝

  • Ադրբեջանի նավթագազային եկամուտների 90 տոկոսը միայն մեկ հանքից է։
  • Հանքից արդյունահանումը աստիճանաբար նվազում է, և BP ընկերության տվյալներից կարելի է եզրակացնել, որ հանքում պաշարները կբավականացնեն առավելագույնը 7 տարի։
  • Հանքից եկամուտների անկումը կոմպենսացնելու այլ աղբյուրներ Ադրբեջանը չունի։
  • Ադրբեջանը անխուսափելիորեն մտնելու է սոցիալ-տնտեսական ցնցումների փուլ։
  • Ալիևների համար իշխանությունը պահելու ամենաիրատեսական տարբերակը մոտակա 2-3 տարում լայնամասշտաբ պատերազմն է Հայաստանի դեմ։

Գրքում կարող եք գտնել նշված թեզերի մանրամասն հիմնավորումը, ինչպես նաև Ադրբեջանի նավթագազային արդյունաբերության և մակրոտնտեսության մասին համակարգված գիտելիք, որը թե՛ հայերեն, թե՛ օտարալեզու այլ աղբյուրներում դժվար է գտնել։ Գրքում նաև փորձել եմ ներկայացնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի՝ Ադրբեջանի սոցիալ-տնտեսական համակարգից բխող պատճառները, որոնց պատճառով Ադրբեջանի հետ նոր պատերազմից դժվար թե հնարավոր լինի խուսափել։ Հուսով եմ, որ սույն հետազոտության հրապարակումը կնպաստի Հայաստանի ապագայի շուրջ հանրային դիսկուրսին»։